Պահպանել խստացումները․ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ հերթական քննարկումը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։ 
 
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
 
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Սևանա լճում առկա սիգ ձկնատեսակի պաշարների մասին, քանակի դինամիկային, ինչպես նաև սիգի ձկնկիթի արտահանման արգելքին․
 
«Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, որ այսուհետ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանում չի թույլատրվելու և այս արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»,- նշել է նախարարը։ Այնուհետև ներկայացվել են գերատեսչությունների կատարած աշխատանքները և գույքագրված խնդիրները։
 
Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում. դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները:
 
2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2205 հատ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ։
 
Նախարարը խնդրել է գործընկերներին կրկնապատկել հսկողությունը ճանապարհային հենակետերում և շուկաներում հատկապես Սուրբծննդյան տոնի օրերին՝ առաջարկելով դիտարկել նաև նախարարության ենթակա մարմիններից օժանդակող մարդուժի ընդգրկման հնարավորությունը։
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով