Ստեփանակերտի օդանավակայանում գիշերած արցախցիներից մի քանիսը գնացին Արցախի Ազգային ժողով։
Տիգրան Պետրոսյանը ասաց․ «Գնում ենք քաղաք, որոշ պաշտոնյաների բերենք մեր հետ էստեղ»։
Արցախի ազգային ժողովի դիմաց նրանք հանդիպեցին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։
Տիգրան Պետրոսյանը նրան խնդրեց գալ օդանավակայան, հարցերը լուծել․ «Եկել ենք, հասել ձեր կողքը, տեսնում ենք՝ դուք անգործության եք մատնված, ձեր գործը նպատակին չի հասնում, նախագահականում չի հասնում, մենք ժողովրդով հավաքվել ենք, դուք շատ սխալ եք ձեզ պահում»։
Ի պատասխան՝ Թովմասյանն ասաց․ «Դու շատ սխալ ես պահում․․․ Ես՝ մի պատգամավոր, գալիս եմ»։
Պետրոսյանը արձագանքեց, որ մենակ նրանով չէ, թող մնացածն էլ գան։ Խոսակցություններից հետո արցախցիների նյարդերը տեղի տվեցին, Պետրոսյանը դիմեց Թովմասյանին․ «Պարոն Թովմասյան, ասեցի՞ք դեպուտատներին, որ դուրս գան, նստեն մաշինեն։ Էստեղի ղալմաղալ սարքելն եք ասում։ Բա ներվեր չկա արդեն»։
Հիշեցնենք, որ երեկ արցախցիները երթով շարժվել էին դեպի Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գլխավոր բազան է` պահանջելու հանդիպում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Արցախցիներին չհաջողվեց հանդիպել Վոլկովի հետ, ինչից հետո նրանք որոշեցին և գիշերեցին օդանավակայանի տարածքում։
Լուսանկարում՝ Ստեփանակերտի օդանավակայանը/ Մարութ Վանյան