Հայաստանը պետք է միջազգայնացնի ռազմագերիների սպանության եւ սահմանի խախտման դեպքերը. Անն Լույո |hetq.am|

hetq.am: «Հետքը» զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ

Տիկին դեսպան, վերջին շաբաթներինֆրանսիական մեդիայում եւ քաղաքականհարթակներում լրագրողները, մտավորականները, քաղաքականգործիչները ահազանգ են հնչեցնում հայերիբնաջնջման վտանգի, Հայաստանի՝քարտեզից անհետանալու սպառնալիքիմասին՝ ասելով, որ պետք է գործել այսօր, վաղը կարող է ուշ լինել։ Մեր երկրի վիճակնօրհասակա՞ն է։

Կարծում եմ, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, արձանագրում եմ, որ 2020 թ.-ի պատերազմից հետո մի շարք ներխուժումներ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք. 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին և վերջերս՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին և 14-ին: Ինչ վերաբերում է մեզ, Ֆրանսիան միշտ դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքում նման ներխուժումները, և կարծում եմ, որ մենք շատ ակտիվ ենք եղել միջազգային ատյաններում այս ծայրահեղ կարևոր թեմայի վրա ուշադրություն հրավիրելու գործում:

Ֆրանսիան, որը սեպտեմբերին նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը, ԱԽ երկու նիստ գումարեց: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Անվտանգության խորհրդի մյուս անդամներին: Ընդգծեմ, որ այդ քայլին մեծապես աջակցել է նաև ԱՄՆ-ը, որը, բնականաբար, ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շատ կարևոր անդամ է: Բացի այդ, ինչպես գիտեք, նախագահ Մակրոնը հանդիպման հրավիրեց նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և, բնականաբար, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Եվ այդ հանդիպման ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որն ինձ շատ կարևոր է թվում Հայաստանի անվտանգության համար, քանի որ դրանում խոսք կա Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչման մասին, որն, ի դեպ, միանգամայն պաշտոնական կերպով ճանաչում է երկու տարածքների սուվերենությունը՝ Հայաստանի տարածքի սուվերենությունը, Ադրբեջանի տարածքի սուվերենությունը, և երկու հանրապետությունների միջև սահմանի միջազգային բնույթը: Սա շատ կարևոր կետ է: Բացի այդ, Պրահայի հայտարարությունը հաստատում է ԵՄ առաքելության իրականացումը, որը շատ կարևոր քայլ է, ըստ իս, և որի իրականացումը ցանկալի էր համարվում և՛ Ֆրանսաիայի, և՛ ԵՄ կողմից: Առաքելությունն արդեն սկսել է ժամանել, նախապատրաստական աշխատանքներ տանող թիմի մի մասն արդեն այստեղ է: Ինչպես գիտեք, այդ նախապատրաստական առաքելության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել հայկական իշխանությունների հետ, և, բնականաբար, մենք լիովին աջակցում ենք ԵՄ այդ առաքելությանը:

Վերջերս Ֆրանսիայի նախագահի խորհրդական տիկին Իզաբել Դյումոնը և Մինսկի խմբի համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց պարոն Բրիս Ռոքֆոյը այցելեցին Երևան և Բաքու՝ նպաստելու Պրահայում ընդունված որոշումների իրականացմանը:

Այնպես որ, այո, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը լուրջ թեմա է, և այո, մենք գործում ենք՝ երաշխավորելու համար Հայաստանի անվտանգությունը, միջազգային բոլոր հարթակներում, որոնց մաս ենք կազմում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում:

Կարո՞ղ է այդ առաքելությունը կանխելադրբեջանական ագրեսիան Հայաստանինկատմամբ։ Որո՞նք են դրա գործառույթները, ինչպե՞ս կարող է այն աջակցել՝ երաշխավորելու եւ վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը:

Այս թեմայով ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել ԵՄ պատվիրակությանը, քանի որ դա  ֆրանսիական առաքելություն չէ, այլ ԵՄ առաքելություն, որին մենք աջակցում ենք: Կարծում եմ, որ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը շատ հստակ բացատրել են այդ առաքելության մանդատը: Հիշեցնեմ, որ համաձայն նրանց խոսքերի՝ առաքելությունը մի քանի նպատակ ունի: Առաջին հերթին՝ նպաստել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը: Երկրորդ՝ նպաստել սահմանին անվտանգության վերականգնմանը: Եվ, վերջապես, աջակցել սահմանի դելիմիտացիայի հարցերովհանձնաժողովների աշխատանքներին: Այլ կերպ ասած, նպատակն է արձանագրել սահմանին տիրող իրավիճակը՝ տարածքային սուվերենության առումով: Իսկ թե կոնկրետ ինչպես են դա անելու, խորհուրդ եմ տալիս ճշտել ԵՄ ներկայացուցիչների հետ:

Նախորդ տարվա մայիսից, երբ Ադրբեջանըներխուժեց Հայաստանի տարածք, Ֆրանսիան եւ ԵՄն դատապարտում ու կոչեն անում Ադրբեջանին զորքերը հետ քաշելելման դիրքեր։ Եթե Ադրբեջանը դուրս չբերիզորքերը, Ֆրանսիան եւ ԵՄնպատժամիջոցներ կկիրառե՞ն Ադրբեջանինկատմամբ, ինչպես Ուկրաինայի տարածքներխուժած Ռուսաստանի պարագայում։ 

Կարծում եմ, որ արդեն իսկ շատ կարևոր քայլ են կատարել՝ վերոհիշյալ քաղաքացիական առաքելությունը կազմակերպելով: Այդ քաղաքացիական առաքելությունը թույլ կտա արձանագրել, թե ինչպիսին է կոնկրետ իրավիճակը սահմաններին, և կարծում եմ, որ սա կարևոր կետ է: Այդ իրավիճակի արձանագրումից հետո կտեսնենք, թե ինչ կերպ կարելի է օգտագործել ԵՄ առաքելության հավաքագրած տեղեկատվությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Բայց պետք չէ առաջ ընկնել: Նախ և առաջ պետք է, որ այդ առաքելությունը կարողանա գործել, էական տեղեկություններ հավաքել սահմանին տիրող ճշգրիտ իրավիճակի մասին, և երբ մենք կունենանք այդ տարրերը, որոնք հավաքագրված կլինեն անկողմնակալ առաքելության կողմից, այդ տեղեկատվության հիման վրա կտեսնենք, թե որն է լինելու հաջորդ փուլը:

Նախագահ Մակրոնը բազմիցս հայտարարելէ, որ ԼՂ հարցը լուծված չէ, բայց մյուսկողմից՝ ԱԳ նախարարների մակարդակով ասվել է, որ Ֆրանսիան չի ճանաչի Արցախի անկախությունը։ Արցախի հարցի ի՞նչ լուծում է առաջարկում կամպատկերացնում 30 տարի Մինսկի խումբը համանախագահող Ֆրանսիան։

Ֆրանսիան մշտապես մնում է ներգրավված և պատրաստակամ՝ վերսկսելու Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեությունը: Ներկայում պայմանները նպաստավոր չեն, սակայն Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ իրավիճակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը բոլորովին վերջերս՝ անցյալ շաբաթ, Երևանում էր, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք մտահոգ և հետաքրքրված մնալ այդ խնդրով: Մեր առաջնահերթությունը, բնականաբար, այդ տարածքի բնակիչների անվտանգությունն է, և մենք ցանկանում ենք, որ վերջիններս կարողանան իրականացնել իրենց իրավունքները և ունենան անվտանգության երաշխիքներ: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ այլ երկրների հետ միասին, որոնք ներգրավված են այս շատ կարևոր հարցում, և շարունակում ենք երկխոսել հայկական իշխանությունների հետ այդ թեմայով: Ավելին չեմ կարող ասել, որովհետև այդ հարցի պատասխանատուն ես չեմ, այլ դեսպան Բրիս Ռոքֆոյը:

Արդյոք տեսնու՞մ եք հնարավորություն՝ համագործակցելու Մինսկի խմբի մյուս անդամների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին ուղղված վերջին մեղադրանքներըժ, համաձայն որոնց՝ Ռուսաստանը բացասական դեր է խաղացել 2020 թ.-ի պատերազմում։

Հենց նոր ասացի, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է երկխոսության, եթե խոսքը խաղաղության և կայունության մասին է: Իսկ այդ հարցը կարող եք Ռուսաստանին ուղղել:

Ի՞նչ լծակներ է գործադրում ԵՄն Բաքվումգտնվող հայ ռազմագերիներինվերադարձնելու համար։

Այս թեման բարձրացվել է ամեն անգամ, երբ մենք հանդիպումներ ենք կազմակերպել երկու երկրների ղեկավարների, այսինքն՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Ի դեպ, որոշ ռազմագերիների ազատ արձակումներ են եղել այդ երկխոսությունների արդյունքում՝ կազմակերպված ԵՄ մակարդակով կամ Փարիզի կողմից: Անցյալ տարվա ընթացքում ռազմագերիներ են ազատ արձակվել պարբերաբար, այս տարի ևս՝ փետրվարին Փարիզում կայացած հանդիպման արդյունքում: Այսինքն՝ մենք շարունակում ենք երկխոսությունը և մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Մենք հիրավի համարում ենք, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց և շարունակում ենք մեր գործողություններն այդ ուղղությամբ, մյուս բոլոր դերակատարների հետ միասին, մասնավորապես ԵՄ-ի, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, ինչպես նաև ԿԽՄԿ-ի հետ, որն ակտիվ գործունեություն է ծավալում ռազմագերիների վերադարձի նպատակով: Ուստի կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք շատ ակտիվ մնալ այս առումով:

Դուք լավատե՞ս եք այս հարցում:

Մենք շարունակում ենք երկխոսությունը: Ավելին չեմ կարող ասել: Այս առումով ևս, ես անմիջականորեն չեմ հետևում այս խնդրին, բայց կարող եմ ասել, որ մենք հույսը չենք կորցնում: Եվ արձանագրում ենք, որ բարի կամքի դրսևորումներ են եղել՝ ռամագերիների ազատ արձակումով: Բնականաբար, ցանկանում ենք, որ դրանք ավելի հաճախակի լինեն և ավելի բազմաքանակ, բայց արձանագրում ենք, որ գերիների վերադարձեր եղել են, ինչը նշանակում է, որ երկխոսությունը կարող է արդյունքներ տալ:

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով