armenpress.am: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահ է, որ մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով: Դա գնալով ավելի մեծ ազդեցություն պետք է թողնի ընդհանուր տնտեսական արդյունքների վրա:
Նախարարն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:
«Տնտեսության կառուցվածքում ճշգրտումները մեկ օրում չեն լինում:
Բայց կարևոր է, որ դրանք շարունակվում են: Երեք ամիսների մշակող արդյունաբերության թվերը վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված չեն։ Բայց մենք վստահ ենք, որ մշակող արդյունաբերությունն աճում է 8 տոկոսը գերազանցող տեմպերով: Մենք սպասում ենք, որ դա գնալով ավելի ու ավելի մեծ ազդեցություն պետք է թողնի ընդհանուր տնտեսական արդյունքների վրա»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ այս տարի շինարարությունը սկսել է կայունություն ցուցաբերել, որոշակի աճ կա 3 ամիսների արդյունքում: Խաչատրյանը նշեց նաև՝ գյուղատնտեսության արդյունքները լավ են, էապես ցածր չեն, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում: «Հայաստանում գյուղատնտեսությունը սեզոնային է, առաջին եռամսյակի ընթացքում դրսևորված թվերը շատ էական նշանակություն չունեն տարվա արդյունքների տեսանկյունից»,-եզրափակեց նախարարը: