«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն, անդրադառնալով Ամուլսարի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը , ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վարչապետը երեկ Civilnet-ին տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Ամուլսարի հարցում առաջնորդվելու են բնապահպանական համալիր փորձաքննության արդյունքներով և, եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի են` հանքավայրը կշահագործվի։
Ես ուզում եմ ասել, որ այստեղ խնդիրը բնապահպանական, կամ, ավելի ճիշտ, միայն բնապահպանական չէ` այստեղ կա իրավունքի խնդիր և հարցը հանգում է հետևյալին. արդյո՞ք մարդը իր կենսամիջավայրի և ապագայի մոդելի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի, թե՞ ոչ։ Եվ ես ասում եմ, որ համայնքը պատրաստ չէ հրաժարվել այդ իրավունքից։
Որքան էլ հզոր լինեն հանքարդյունաբերության լոբբիստները` այս հարցը հեշտ կուլ չի գնալու։ Եւ ես իմ ընկերներին` նրանց, որոնք կառավարությունում են, կամ պետական կյանքի այլ ոլորտներում, հստակ ասում եմ, որ սա քաղաքական ճամփաբաժան է։ Պետք չի մեզ պատերազմ հայտարարել»։