Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը:
Ըստ Արդարաադատության նախարարության հաղորդագրության՝ բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է:
Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ:
Հիշեցնենք՝ 2019 թվականի մարտի 16-ին ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը։