aysor.am։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ մայիսի վերջին Քննչական կոմիտեին է հանձնվելու «Էլարդ» ընկերության կողմից հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի ներդրումային ծրագրին:
«Մայիսի վերջին արդեն նախնական պատկերը հստակ կլինի», – ասաց նա:
Փոխվարչապետը կարծում է, որ ըստ այդ հետաոզոտության արդյունքների, կառավարությունը համապատասխան իր դիրքորոշումը կհայտնի:
«Պետք է սպասել վերջնական պատաասխաններին», – ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ծրագիրն ինչ հանգուցալուծում է ունենալու, Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր հնարավոր հարթակներից հնչեցրել են, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա ու չի կարող լինել:
«Հետևապես, եթե բնապահպանական որևէ խնդիրներ չի առաջացնում կամ այն խնդիրները, որոնք ընկերության ու մեր կողմից վերահսկելի են, ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը», – ասաց նա:
Հարցին, թե հետագա ներդրողների վրա ինչ-որ անդրադարձ կարո՞ղ է ունենալ այս ամենը, փոխվարչապետն ասաց, որ կառավարությունն, առաջին հերթին, առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով:
«Բոլոր այն ռիսկերը, որ կան, մեզ համար բացահայտված չեն ու հուսով ենք, որ հետազոտությունը բոլոր ռիսկերի պատասխանները տալու է», – ասաց Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր եզրակացություն իր հետևանքներն է ունենալու՝ լինելու են կողմ ու դեմ խմբեր: