azatutyun.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտակարգ դրություն, որի նպատակն է «ազգային հաղորդակցության ցանցերը պաշտպանել օտարերկրյա հակառակորդներից»:
Թրամփի գործադիր հրամանագրի համաձայն, ամերիկյան ընկերություններին արգելվում է օգտվել արտասահմանյան հեռահաղորդակցության ընկերությունների ծառայություններից և տեխնոլոգիաներից:
Հրամանագրում կոնկրետ երկրի կամ հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերության անուն չի նշվում, սակայն փորձագետների համոզմամբ, հրամանագրի արձակումը կապված է Huawei խոշորագույն չինական ընկերությունը Միացյալ Նահանգների շուկայից հեռու պահելու մտադրության հետ:
Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Չինաստանը Huawei ընկերության սարքավորումների միջոցով կարող է լրտեսական գործունեություն ծավալել: Huawei-ը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Վաշինգտոնը որոշ դաշնային գործակալություններին արդեն արգելել է օգտագործել Huawei-ի արտադրանքը:
Թրամփի այս կարգադրությունը հրապարակվել է մի ժամանակաշրջանում, երբ մոլորակի երկու ամենախոշոր տնտեսական տերությունները՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը ներքաշվել են առևտրային պատերազմի մեջ և փոխադարձաբար բարձրացնում են ներմուծվող ապրանքի սակագները: