ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեք սառցե սենյակ է տրամադրել ՀՎԿԱԿ-ին, որոնք կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում են աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելու Հայաստանի ազգային սառցային շղթան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ) է տրամադրվել երեք նոր սառցե սենյակ՝ ավելացնելով հանրապետության սառցե սենյակների թիվը: Սառցե սենյակները կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը, պահեստավորումը, ինչպես նաև պատվաստումների շարունակականությունը։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանից։ 
 
Իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ընդգծել է սառցային շղթայի կարողությունն ընդլայնելու կարևորությունը․ «Այս օրերին, երբ Հայաստանը փորձում է նոր թափ հաղորդել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումներին, Հայաստանի՝ պատվաստանյութերի պահեստավորման կարողությունների ընդլայնումը ևս մեկ քայլ է՝ ազգային սառցային շղթան ամրապնդելու ուղղությամբ՝ ապահովելով, որ ավելի շատ ընտանիքներ և համայնքներ լինեն պաշտպանված և նվազեցնելով հիվանդության ծանր դեպքերի զարգացման և մահվան վտանգը»:
 
«Պատվաստանյութերը պահելու համար անհրաժեշտ սարքավորումներով Հայաստանի մարզերը զինելը կարևոր քայլ է` ՔՈՎԻԴ-19-ի դեմ մեր պատվաստումները շարունակելու և պլանային պատվաստումների մեր թիրախներին հասնելու համար։ Մեր սառցային շղթայի կարողությունների շարունակական աճը թույլ կտա ավելի լավ պահեստավորման պայմաններ ապահովել Հայաստանի բոլոր մարզերում», – նշել է ՀՀ Առողջապահության առաջին փոխնախարար Լենա Նանուշյանը։
 
«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ստացել է մեծ քանակությամբ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութեր, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից COVAX նախաձեռնության միջոցով առաքված պատվաստանյութերը։ Հետևաբար, պատվաստումներին նոր թափ հաղորդելու նպատակով, սառցային շղթան ամրապնդելու ջանքերը ժամանակի պահանջ էին, ինչի շուրջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է Առողջապահության նախարարության հետ՝ համակարգը և կարիքները նախապես գնահատելու նպատակով: Ավելին, հետագայում այս սարքավորումները կշարունակեն ծառայել երեխաների պլանային իմունականխարգելման ծրագրերին», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։
 
Սառցե սենյակները կահավորված են կորոզիայի չենթարկվող (չժանգոտող) պողպատից հինգհարկանի դարակաշարերով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 300 կգ ծանրություն: Դրանք ունեն հատակ, պատեր և առաստաղ, որոնք ապահովում են պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ, արհեստականորեն ստեղծված ջերմաստիճան` +2°C-ից +8°C։
 
«Սառցե սենյակները սառցային շղթայի կարևոր բաղադրիչն են։ Դրանք արդյունավետ են լոգիստիկ տեսանկյունից, քանի որ ունեն մեծ պահեստային տարողունակություն և չեն պահանջում առանձին սառնարաններ կամ սառցարաններ՝ ապահովելու համար, որ պատվաստանյութերը պահպանվեն պատշաճ ջերմաստիճանում և չկորցնեն իրենց արդյունավետությունը: Մեծ սառցե սենյակները, որոնցից մեկը կտեղադրվի Երևանում, մյուսը՝ Շիրակի մարզում, 40 խորանարդ մետր են և կարող են պատվաստանյութեր պահեստավորել մեկ տարվա կտրվածքով: Տարողությամբ ավելի փոքր սառցե սենյակը, որը կտեղադրվի Վայոց ձորի մարզում, 10 խորանարդ մետր է և կարող է պատվաստնայութեր պահեստավորել եռամսյակային կտրվածքով»,- նշել է ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
 
Առաջիկա ամիսներին ԱՄՆ ՄԶԳ-ն և ՅՈՒՆՍԵՖ-ը Հայաստան են առաքելու 210 սառցարան, այդ թվում՝ 5 գերձայնային սառցարան, և ևս 110 սառնարան։ Այս ամենն ի լրումն ապրիլի սկզբին տրամադրված 80 սառնարաններին և 285 սառցարաններին, որոնք տրամադրվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով