Մենք չենք կարող ասել «այո»․ Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը |factor.am|

factor.am: Անկարան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է ուժեղացնել իր արևելյան ճակատը։ Էրդողանի խոսքով՝ միակ բանը, որ Անկարան ակնկալում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, հարգանքն է Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովման քայլերի նկատմամբ։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նշանակալի է այնքանով, որքանով Թուրքիայի շահերն են հաշվի առնվում։

«Թուրքիան այն երկրների թվում է, որոնք գործնականում ամենամեծ ներդրումն ունեն ՆԱՏՕ-ի առաքելություններում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք անվերապահորեն համաձայն կլինենք ցանկացած նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս կարելի է սպասել Անկարայի կողմից աջակցություն ՆԱՏՕ-ին (Շվեդիայի) անդամակցելու հարցում՝ առանց ահաբեկիչներին հանձնելու»,- ասել է Էրդողանը։

«Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները դեռ բացահայտ շրջում են Շվեդիայում։ Մենք չենք կարող ասել «այո»։ Դրա համար կարիք չկա նեղություն կրել ու գալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ նույնպես Էրդողանը ասել էր, որ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով