Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները

 ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Հակոբ Սիմիդյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր մակարդակի համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում՝ մասնավորապես, առևտրաշրջանառության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գյուղատնտեսության։

«Իմ գոհունակությունն եմ հայտնել, որ Հայաստան պատվիրակության այցի ընթացքում Երևանում գումարվելու է նաև միմյանց մայրաքաղաքներում ամենամյա հաճախականությամբ անցկացվող Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր երկրների երկուստեք բարեկամական հարաբերությունները և համատեղ աշխատելու պատրաստակամությունը՝ ամենալայն համագործակցային փաթեթով։ Ուրախ եմ նաև, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կստորագրվի երկար նախապատրաստած և շատ կարևոր հուշագիր, որով մենք կարող ենք նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության նոր ուղղություններ սահմանել և զարգացնել»,-նշել է նախարարը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը ևս անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և նույնպես փաստել, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մշտապես առկա է եղել ջերմ բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, էկոզբոսաշրջության ոլորտի խնդիրները։ Անդրադարձ է կատարվել Արաքս սահմանային գետի հետ կապված վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին և արձանագրած հաջողություններին: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և իրանական կողմից ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մասնագետի գլխավորությամբ ավելի ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ամիսներ անց առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։

«Անդրադարձ է եղել նաև ջրամբարների կառուցմանը և հայկական կողմի անունից ևս մեկ անգամ հաստատակամություն եմ հայտնել համագործակցելու ջրամբարների նախագծման և ջրային ռեսուրսների ոլորտում այլ ծրագրերի համագործակցության հարցերում։ Մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություները տարբեր ոլորտներում, և հույս ունեմ այս այցը խթան կհանդիսանա հայ-իրանական կապերն ամրապնդելու և շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի օրակարգի ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար»,- նշել է նախարարը։

Հանդիպման ավարտին նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայկական կողմին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու շրջակա միջավայրի ոլորտում և, հատկապես, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրանական փորձին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով