armenpress.am։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն ծանր հանցագործությունների անպատժելիությունը:
Այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ Բաքվի կողմից առաջ քաշված «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին:
«Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում:
Եվ հատկապես այն պարագայում, երբ մենք ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային, մարդասիրական իրավունքի խախտումներին:
Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակություններում, ուստի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունն ու մարդու իրավունքների ոլորտում մարդասիրական իրավունքի խախտումները»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը դատապարտեց նաև ծանր հանցագործություններ կատարող մարդկանց հերոսացումը:
«Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների:
Դրանց հերոսացումն ու կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է, և մենք ականատես ենք եղել, երբ մարդասպանության մեջ դատապարտվածն ուղղակի արտահանձնվելուց հետո հերոսացվել է (նկատի ունի Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին-հեղ.) միայն նրա համար, որ նա հայ էր սպանել:
Մեր նպատակն է, որ կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում»,- նշեց խոսնակը: