tert.am։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։
Նախագծի հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները։
Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք 3 փոփոխության առաջարկ ունեն։ «Առաջին փոփոխությունը վերաբերում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 7.1 կետին՝ առաջարկում ենք այն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը կարգավորում է այն մասը, թե ովքեր կարող են մասնակցել Երևանի ավագանու նիստերին։
Ըստ էության՝ սա սահմանափակվում է քաղաքապետի որոշմամբ։ Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ընդլայնել ժողովրդավարությունը և հնարավորություն տալ քաղաքացիներին և շահագրգիռ անձանց ցանկության դեպքում մասնակցել Երևանի ավագանու նիստերին»,- ասաց նա։
Անի Սամսոնյանը նշեց, որ 2-րդ փոփոխությունը կապված է նույն հոդվածի 7.2-րդ կետի հետ, որն առաջարկում են շարադրել նոր խմբագրմամբ և հանել արգելքը, որ լրագրողները չեն կարող Երևանի ավագանու նիստերին հետևել հենց նիստերի դահլիճից։
«Առաջարկում ենք, որ 7.2 կետով ամրագրվի, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու դռնբաց նիստերին` ավագանու նիստերի դահլիճում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար հատկացված տեղում»,- մանրամասնեց Սամսոնյանը։
Փոփոխությունների մյուս կետը վերաբերում է ԶԼՄ-ների հավատարմագրման կարգին, քանի որ հակասություն կա «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքի հետ։ Նրա գնահատմամբ՝ լրատվամիջոցներն առանց հավատարմագրման պետք է կարողանան մասնակցել Երևանի ավագանու նիստերին՝ ներկայացնելով միայն կոնկրետ լրատվամիջոցի աշխատակից լինելու մասին վկայող փաստաթուղթը։