hetq.am։ Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը կարծում է, որ 2018 թվականին հեղափոխությունը հնարավոր է եղել իրականացնել ոստիկանության գործողությունների արդյունքում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քիչ առաջ մեկնարկեց Երանոսյանի գործի քննությունը: Վերջինս լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը լրագրողներին փոխանցեց Երանոսյանի գրավոր դիրքորոշումն իր մեղադրանքի մասին:
«Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային և պետական շահերին:
Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողություններր չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը:
Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»,- գրել է Լևոն Երանոսյանը:
Նշենք Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:
Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել է մարմնական վնասվածքներ: