Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի |hetq.am|

hetq.am: Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախկին նախարար Էրկի Տուոմիոյան։

Ապրիլի 21-ին ֆինն քաղաքական գործիչները հանդիպել էին շվեդական խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենի, արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների ներկայացուցիչների, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեի և պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստի հետ։

«Ես ասացի, որ Ֆինլանդիան ունի ուժեղ մեծամասնություն և՛ հանրային կարծիքում, և՛ խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին՝ գարնանը ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կուղարկի։ Ես դա ասել եմ անկախ այն բանից, թե արդյոք ես այն լավ կամ վատ գործ եմ համարում»,- Տումիոյային մեջբերել է ֆիննական Helsingin Sanomat թերթը։

Նրա խոսքով՝ պարզ է այն, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի և կարևոր է համարում այդ մասին շվեդներին հայտնելը։

Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուսի Հալա-ահոյի խոսքով՝ շվեդները գոհ են եղել, որ Ֆինլանդիան տվել է հստակ ազդակ այն մասին, որ ցանկանում է միասնական լինել հարևանների հետ։ Նաև պարզ է դարձել, որ Ֆինլանդիան կարող է ընդունել սեփական որոշումները, անկախ այն բանից, թե ինչ է անում Շվեդիան։

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության քննարկումը նոր թափ է հավաքում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, իսկ ֆինների թիվը, որոնք ցանկանում են, որ իրենց երկիրը անդամակցի դաշինքին, սոցոլոգիական հարցումների տվյալներով, նոր ռեկորդներ է սահմանում։

Ռուսաստանում բացասական են գնահատում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության հեռանկարը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին անվանել է Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք։ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով էլ՝ Մոսկվան պետք է պատրաստ լինի ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ գործողություններին, որը փորձում է ընդլայնել իր ներկայությունը ռուսական սահմանին։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով