Տվերում Ռուսաստանի օդային-տիեզերական պաշտպանության զորքերի գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի շենքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքի շտապօգնության ներկայացուցչի խոսքով՝ մեկ մարդ է մահացել, ևս 20-ը տուժել են։ Նրանց առողջական վիճակը ճշտվում է։
ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնում է, որ բուժօգնության է դիմել 30 մարդ։ Նրանց մի մասը ծուխ է շնչել, մյուսները վնասվածքներ ունեն, քանի որ, հրդեհից փրկվելով, ցատկել են պատուհանից։
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է հազար քառակուսի մետր, կրակն ինտենսիվորեն տարածվում է շենքում, մի քանի հարկ է այրվում։
«Ներկա պահին օբյեկտի տարածքում աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները, շտապօգնության 14 մեքենա է ժամանել», – նշել է Տվերի շրջանային վարչակազմի մամուլի ծառայությունը։
Ինստիտուտի անձնակազմը տարհանվել է։ Հրդեհման պատճառները ճշտվում են։
ՏԱՍՍ-ի աղբյուրի խոսքով՝ հրդեհը կարող էր բռնկվել էլեկտրացանցի վթարային աշխատանքի պատճառով։
«Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառն էլեկտրացանցի վթարային աշխատանքն է եղել, քանի որ շենքն ու լարերը հին են», – ասել է նա։
Նորա Վանյան