Ուկրաինան պատասխանատու չէ ՌԴ տարածքում կատարվող իրադարձությունների համար․ Ուկրաինայի ՊՆ-ն՝ Բելգորոդի մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազային ավիահարված հասցնելու մասին տեղեկությունը և ընդգծում է, որ Ուկրաինան պատասխանատվություն չի կրում Ռուսաստանում կատարվող իրադարձությունների համար, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

Մեկնաբանելով ռուսական կողմի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան մասնակից է Բելգորոդի նավթաբազայում հրդեհի բռնկմանը՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկն ասել է․

«Ցանկանում եմ նշել, որ այսօրվա դրությամբ՝ ուկրաինական պետությունը պաշտպանական գործողություն է իրականացնում Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ագրեսիային դիմակայելու ուղղությամբ։ Եվ սա բնավ չի նշանակում, որ Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի բոլոր այն սխալների և բոլոր աղետների, բոլոր իրադարձությունների համար, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության տարածքում», – ասել է Մոտուզյանիկը։

Նա ընդգծել է, որ չի հաստատելու և չի հերքելու այդ տեղեկությունը՝ հավելելով, որ «նման մեղադրանքներն առաջին անգամ չեն հնչում»։

Նշենք, որ այսօր ռուսական Բելգորոդ քաղաքի նավթաբազայում մեծ հրդեհ է բռնկվել, Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ հրդեհն ուկրաինական երկու ուղղաթիռների հարվածի հետևանք է։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով