news.am: Հնդկաստանը հակված է շարունակելու կոքսային ածուխի ներկրումը Ռուսաստանից, կիրակի հայտարարել է երկրի պողպատի հարցերով նախարար Ռամչանդրա Պրասադ Սինգհը: Դա, թվում է, թե հակասում է Մոսկվան շրջանցելու միջազգային միտումներին, գրում է Reuters-ը:
«Մենք շարժվում ենք Ռուսաստանից կոքսային ածուխի ներկրման ուղղությամբ»,- ասել է Ռամչանդրա Պրասադ Սինգհը Նյու Դելիում տեղի ունեցած ասուլիսում:
Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել ռուսական կոքսային ածխի ներկրումը, որը պողպատի արտադրության համար անհրաժեշտ առանցքային բաղադրիչն է, ասել է նախարարը:
Նա հայտարարել է, որ երկիրը 4,5 մլն տոննայի ներկրում է արել, սակայն չի նշել ժամանակահատվածը, որի մասին խոսվում է:
Հնդիկ նախարարի խոսքով՝ Ռուսաստանից կոքսային ածխի «անխափան մատակարարումները» տուժել են:
Նավերը, որոնք առնվազն 1,06 մլն տոննա կոքսային ածուխ և էներգետիկ ածուխ են տեղափոխում, որոնք օգտագործվում են համապատասխաաբար պողպատի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում, պետք է վառելիքը հնդկական նավահանգիստներ հասցնեն այս ամիս: Ըստ Kpler խորհրդատվական ընկերության տվյալների՝ դա ամենամեծ ցուցանիշն է 2020 թ. հունվարից ի վեր:
Ռուսաստանը կոքսային և էներգետիկ ածխի վեցերորդ խոշորագույն մատակարարն է Հնդկաստանի համար:
Լուսանկարը՝ Reuters-ի