Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «դժվար է» բավարարել Ուկրաինայի՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու խնդրանքը

ՆԱՏՕ, ԵՄ և «Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները Բրյուսելում երեկ արտակարգ հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինայում իրավիճակը։ Հանդիպումներից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ասուլիս է տվել, որի ընթացքում նախազգուշացրել է, որ եթե ՌԴ նախագահ Պուտինը քիմիական զենք օգտագործի, ապա դրա հետևանքները «աղետալի կլինեն նրա համար»։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բորիս Ջոնսոնը նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է Ուկրաինա ուղարկել ևս 6000 հրթիռ, ինչպես նաև լրացուցիչ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ աջակցություն՝ օգնելու Ուկրաինային վճարել աշխատավարձերը զինված ուժերում։

Նա նաև խոստացել է բրիտանական նոր զորքեր տեղակայել Բուլղարիայում՝ ի հավելումն Լեհաստանում և Էստոնիայում զորքերի կրկնապատկմանը:

Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան երկրները ձգտում են «անշեղորեն ավելացնել» ռազմական սարքավորումների քանակը, որոնք ուղարկում են Ուկրաինա, սակայն «դժվար է» բավարարել Ուկրաինայի խնդրանքը՝ ռազմական ինքնաթիռներ և տանկեր ուղարկելու մասով:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին ասել էր, որ խնդրում է «Դաշինքի բոլոր ինքնաթիռների 1%-ը և բոլոր տանկերի 1%-ը»:

Ջոնսոնն ասուլիսի ընթացքում ասել է. «Նախագահ Զելենսկին փորձում է ազատել Մարիուպոլը և օգնել քաղաքում գտնվող հազարավոր ուկրաինացի մարտիկներին: Այդ նպատակով նրան, ինչպես ինքն է ասում, զրահատեխնիկա է պետք։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել օգնելու համար: Բայց լոգիստիկ առումով դա շատ դժվար է թվում և՛ զրահատեխնիկայի, և՛ ինքնաթիռների մասով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ջոնսոնը հավելել է, որ արևմտյան ոչ մի ուժ չի ձգտում «ոչ թռիչքային» գոտի սահմանել Ուկրաինայի երկնքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով