«Մարդը ափի մե՞ջ, լրագրողի տեսանկյուն» եւ «Առանց գրաքննության»․ մեկնարկել է «Լրատուն» նախագծի նոր ցուցահանդեսը

Զարգացման ընթացքի մեջ գտնվող պետություններում, ինչպիսին մենք ենք, կառավարության, ընդդիմության ու մեդիայի ափի մեջ է գտնվում մարդը, եւ այդ ափն ամեն վայրկյան կարող է փակվել եւ ճզմել մարդուն։

Վահրամ Մարտիրոսյան


«Սարգիս Մուրադյան» ցուցասրահում այսօր մեկնարկել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի հերթական ցուցահանդեսը՝ երկու թեմայով՝ «Մարդը ափի մե՞ջ, լրագրողի տեսանկյուն» եւ «Առանց գրաքննության»։ Մուլտիմեդիա ցուցահանդեսը վավերագրական ֆիլմերի, տեսանյութերի, տարբեր հրապարակումների ձեւաչափով ներկայացնում է կարծիքի արտահայտման ազատության, ռասայական, կրոնական, ազգային խտրականության, սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության, կանանց իրավունքների լուսաբանման, ապատեղեկատվության և քարոզչության, նաեւ լրագրողների նկատմամբ ճնշումների տարբեր դրսևորումները։ Ցուցասրահում հպէկրանների միջոցով կարելի է ծանոթանալ ներկայացված երկու թեմաներին առնչվող լուսանկարների, տեսանյութերի, հարցազրույցների, որոնք նաեւ մասնագիտական գործունեության ընթացքում կարող են անհրաժեշտ աղբյուր լինել։

Ինչպես ցուցահանդեսի բացման խոսքում նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը՝ ցուցահանդեսն այս կենդանի շփման ձեւաչափով անելու նպատակը քննարկումների մթնոլորտ ստեղծելն է, որում մարդիկ կարող են գալ, շոշափելի տեսնել կադրեր, լուսանկարներ, խոսել մեդիաարտադրանք ստեղծող մարդկանց հետ։ 

«Մարդը ափի մե՞ջ, լրագրողի տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսը վերաբերում է մարդու իրավունքներին․ ստեղծվել է լրագրողական աշխատանքի մի հետաքրքիր արխիվ, որը մեդիագրագիտության, ոլորտային քննարկումների համար կարող է հետաքրքիր ու լայն բազա լինել։ «Առանց գրաքննության» բաժինն էլ անդրադառնում է տարբեր տարիներին լրագրողների նկատմամբ գործադրված ճնշումներին, բռնության դեպքերին, մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խոչընդոտներին։

Ցուցահանդեսի հետազոտական մասն ու համադրությունն իրականացրել է գրող Վահրամ Մարտիրոսյանը, որի խոսքով՝ քիչ չեն օրինակները, երբ փակվել ու մարդուն ճզմել է պետության, ընդդիմության ու մեդիայի ափը։ Infocom-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը ցավով է նշում, որ մեդիայի զգալի մասն այսօր ճնշումների գործիք է դարձել։ Նա հիշում է՝ տասնամյակներ առաջ, երբ սկսեց գործածվել անմեղության կանխավարկած բառակապակցությունը, այն բոլորին շատ դուր եկավ․ «Էդ անմեղության կանխավարկածը միշտ պետք է պահել, եւ մարդիկ, որոնք ինչ-որ զանցանքներ են արել, նրանք նախ եւ առաջ մեր կարեկցանքի կարիքն ունեն, հետո դատապարտման ու մեղադրանքների»,- մեր զրույցում ասաց Մարտիրոսյանը՝ խոսելով այն մասին, որ այսօր մարդը լրագրության կիզակետում չէ, եւ դրա պատճառներից մեկն, ըստ նրա, ընդհանուր մթնոլորտում անընդհատ թշնամիներ որոնելու եւ նրանց հետ հարաբերվելու նախապատվությունն է․

«Դրա համար է լրագրությունը հեռացել մարդուն լուսաբանելուց։ Իսկ կարեւոր թեմաներին անդրադարձ է լինում, երբ սկանդալ կա, բայց երբ դեպք չի եղել, աղմուկ չկա, կարեւորագույն խնդիրները չեն լուսաբանվում, ինչպես, օրինակ, աշխատանքային իրավունքը, եւ հատկապես կանանց աշխատանքի իրավունքը»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը՝ կարեւորելով, որ անհատին առնչվող այդ զգայուն թեմաները լուսաբանվեն անաչառ ու մարդակենտրոն, չմղվեն հետին պլան։

«Առանց գրաքաննության» խորագրով ցուցահանդեսում շատ օրինակներ են ներկայացված արդեն լուսաբանված դեպքերից։ ՄՆԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը մեր զրույցում մեկնաբանում է՝ իրենք նոր բովանդակություն չեն ստեղծում, այլ փորձում են հետեւել, համակարգել, ներկայացնել արդեն եղած օրինակները, ֆիլմեր նկարել, դիտարկել դաշտն ու ստեղծել արխիվ։

«Առանց գրաքաննության» ցուցահանդեսում կարելի է ծանոթանալ տեսանյութերի, որտեղ լրագրողները պատմում են, թե ինչ տեսակ ճնշումներ են գործադրվել իրենց նկատմամբ եւ այլն։ 

Ըստ Սարգսյանի՝ հիմա էլ կան ճնշումներ, գուցե այլ բնույթի, բայց կան։ Պատճառը, մեր զրուցակցի կարծիքով, դաշտի կաթվածահար լինելն է նաեւ․

«Նախկինում գուցե դաշտը միակողմանի էր, հիմա կա բազմակարծություն, սա խոսում է այն մասին, որ դաշտն ինչ-որ չափով ավելի ազատ է, բայց չի նշանակում, որ մենք ավելի պրոֆեսիոնալ լրագրության ժամանակահատվածում ենք ապրում կամ այսօրվա կառավարությունն ավելի լավ է հասկանում՝ ինչի համար է պետք լրագրությունը։ Ծանր ժամանակներում ենք, երբ լրատվության հանդեպ վերաբերմունքը, դրա նկատմամբ ճնշման գործիքները կարեւորվում են քաղաքական ուժերի կողմից։ Այդ իմաստով ճնշումները շարունակվում են»։

Սարգսյանը, սակայն, համոզմունք ունի, որ քաղաքացիներն այժմ ավելի լավ են հասկանում դաշտը, լրատվականներին, որոնք ավելի պատշաճ են գործում։ Նա կարծում է՝ մեդիագրագիտությունն ամբողջովին անհույս չէ, թեպետ շատ մեծ ճանապարհ կա անցնելու․

«Այս հարցում մեծ դեր ունեն հենց լրատվամիջոնցերը, որոնք պետք է տարբեր ձեւերով փորձեն աշխատել մարդկանց հետ։ Սա էլ է ճանապարհ, որ մարդիկ անձնավորեն լրագրությունը, ավելի լավ հասկանան։ Իսկ լրագրությունը չենք կարող հանել քաղաքական պրոցեսներից, բայց ամեն դեպքում այն պետք է ունենա չորրորդ իշխանության գործառույթը, այդպիսով կկարողանա կարեւոր փոփոխություններ անել, ուղղակի պետք է ընդդիմանալ, եւ հասկանալ, որ քաղաքացիական եւ մասնագիտական տեսանկյունից լրագրողները միշտ ընդդիմություն են՝ ո՛չ քաղաքական տեսանկյունից, իրենք միշտ պետք է փորձեն քննադատորեն մոտենալ իրողություններին»։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 6-ը։

Հայարփի Բաղդասարյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով