armtimes.com: Ասել, որ 5-ամսյա կրթության ընթացքում պարեկները կարող են լիարժեք տիրապետել ոստիկանության ողջ գործունեությանը, միանշանակ հնարավոր չէ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը, բնականաբար, չի բավարարվելու միայն 5-ամսյա դասընթացով: «Առաջին 4 մարզերում պարեկների ընտրությունից հետո մեզ մնացել է եւս 4 մարզ, որից հետո նախատեսել ենք վերապատրաստման դասընթացներ: Դրանք կլինեն առավել հագեցած, նորագույն մեթոդներով»,- վստահեցրեց նա:
Փոխոստիկանապետը նկատեց՝ 4 պարեկային ծառայողներ աշխատանքը նորմալ չիրականացնելու պատճառով ազատվել են աշխատանքից: Հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն քննում պարեկային ծառայողների հետ կապած գործերը, վերջինս պատասխանեց. «Ոչ միայն պարեկային ծառայության, այլեւ ոստիկանության հետ կապված ամեն ինչն է ԱԱԾ-ն վերահսկում. դա քրեաիրավական, քրեադատավարական կարգավորումներով սահմանված գործառույթ է»: