Մեր արագ արձագանքման խումբն այս պահին Սյունիքի ճանապարհին է: Նրանք այցելելու են Ներքին Հանդ գյուղ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ իբր ադրբեջանական կողմը այդ հատվածում խախտել էր ՀՀ սուվերեն սահմանը:
«Մեր խնդիրն է տեղում իրավիճակն ուսումնասիրելու: Այդ պատճառով մեր արագ արձագանքման խմբի առջև խնդիր է դրված՝ տեղում հասկանալու համայնքի բնակիչների կյանքի պայմանների, նրանց բնականոն կյանքի և անվտանգության հետ կապված խնդիրները»,- ասաց ՄԻՊ-ը:
Պաշտպանի խոսքով այս հարցի վերաբերյալ իրենք կապի մեջ են տեղական ինքնակառավարման մարմինների և ՊՆ գործընկերների հետ: Գրիգորյանը շեշտեց՝ ըստ արձանագրված խնդիրների՝ կհանրայնացվեն համապատասխան հետևությունները:
«Ես նույնպես այց պլանավորում եմ դեպի Սյունիք, բայց պլանավորման ընթացքում պետք է համապատասխան տեղեկություններ հավաքեմ: Կայցելեմ ապրիլի սկզբին»,- ասաց նա:
ՄԻՊ-ը նաև շեշտեց՝ այս կամ այն դիրքերի տեղակայման նախապատմությունը կամ դրա վերաբերյալ եղանակային պայմանների հանգամանքի պարզումը պաշտպանական գերատեսչության գործունեությունն է:
«Ինչ վերաբերում է դիրքերի տեղաշարժերին, բնական և տրամաբանական է, որ դրա վերաբերյալ արձագանքը պետք է տա պաշտպանական գերատեսչությունը: Թե ինչու էր պարոն Թաթոյանը ինքն առաջինը արձագանքում այդպիսի հարցերին, դա նրա անձնական մոտեցման հարցն է»,- հավելեց նա: