tert.am: Չինաստանը հայտարարել է, որ նախապես տեղյակ չի եղել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն սկսելու ծրագրերի մասին, բայց եթե իմանար, կփորձեր կանխել դա։ Այս մասին Washington Post-ի հոդվածում գրել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանգը։
«Շատ ամերիկացիներ փորձում են հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի Չինաստանը, երբ ծավալվում է ուկրաինական ճգնաժամ, ուստի ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից՝ լիովին բացատրելու և ցրելու ցանկացած թյուրիմացություն և ասեկոսե:
Կան պնդումներ, թե Չինաստանը նախապես տեղյակ է եղել Ռուսաստանի ռազմական գործողությանը և պահանջել է Ռուսաստանից հետաձգել այն մինչև ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտը: Վերջին լուրերը նաև պնդում են, որ Ռուսաստանը ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից: Թույլ տվեք ամենայն պատասխանատվությամբ ասել՝ պնդումներն առ այն, որ Չինաստանը գիտեր, համաձայնվել կամ լռելյայն աջակցել է այս պատերազմին, զուտ ապատեղեկատվություն են: Այս բոլոր պնդումները ծառայում են միայն մեղքը Չինաստանի ուսերին տեղափոխելու և Չինաստանի վրա ցեխ շպրտելու նպատակին:
Չինաստանը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի ամենամեծ առևտրային գործընկերն է և հում նավթի ու բնական գազի ամենամեծ ներկրողն աշխարհում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ոչ մի օգուտ չի տալիս Չինաստանին: Եթե Չինաստանը իմանար մոտալուտ ճգնաժամի մասին, մենք ամեն ինչ կփորձեինք այն կանխելու համար»,-գրել է դեսպանը։