Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան դարձել է Եվրամիության էներգետիկ համակարգի մաս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ավարտվել է ուկրաինական և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումը։

«Ուկրաինան դարձել է Եվրամիության էներգետիկ համակարգի մաս (միացել է ENTSO-E համակարգին-խմբ․,): Ուկրաինայի և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումն ավարտված է: Այժմ մեր էլեկտրաէներգիան հոսում է ԵՄ, իսկ եվրոպական էլեկտրաէներգիան՝ Ուկրաինա», – գրել է Զելենսկին Twitter-ում:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնց շնորհիվ ԵՄ-ն ու Ուկրաինան «այժմ ունեն միասնական էներգետիկ համակարգ»։

Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր Ռուսաստանի և Բելառուսի հետ միասնական էներգետիկ համակարգ վերադառնալու մտքից հրաժարվելու որոշման մասին։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքով՝ փետրվարի 24-26-ին ուկրաինական էներգահամակարգի ինքնավար աշխատանքի փորձարկումը հաջող է անցել և ապացուցել է «մեկուսացված ռեժիմով աշխատելու ունակությունը»։

2021 թվականի փետրվարին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը նախատեսում է մինչև 2023 թվականի վերջ անջատվել Բելառուսի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերից և ինտեգրվել եվրոպականին։

Ավելի վաղ Naftogaz-ի ղեկավար Յուրի Վիտրենկոն նույնպես նշել էր, որ Ռուսաստանից և Բելառուսից էլեկտրաէներգիայի ներկրումը դադարեցնելու համար Ուկրաինայի միասնական էներգահամակարգը պետք է  համաժամանակացնել (սինխրոնիզացնել) Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատորների եվրոպական ցանցի (ENTSO-E) հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով