Բելառուսում երեք ամսով արգելվել է ցորենի ալյուրի և հնդկաձավարի արտահանումը։ Այս մասին հաղորդում է Sputnik-ի բելառուսական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի Նախարարների խորհրդի որոշումը։
Արգելքի տակ է հայտնվել չորս տեսակի ապրանք․
- հացահատիկի ալյուրը,
- խոշոր աղացվածքի հնձկաձավարը,
- մաքրված հնդկաձավարը,
- պատրաստի սննդամթերքը հնձկաձավարից։
Որոշման մեջ նշված է, որ այս ապրանքներն արգելվում է արտահանել այլ պետություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ։ Արգելքը տարածվում է նաև Բելառուսում արտահանման մաքսային ընթացակարգերի մեջ գտնվող ապրանքների վրա այս որոշման ուժի մեջ մտնելուց առաջ։
Արգելքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման պահից և գործում է երեք ամիս։
Ավելի վաղ՝ մարտի 12-ին, երկարաձգվել էր երկրից հացահատիկային կուլտուրաների արտահանման արգելքը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ։ Ժամանակավոր արգելքը սահմանվել էր 2021թ․-ի օգոստոսին և երկարաձգվել կես տարով։
Հիշեցնենք նաև, որ այսօր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝ Ռուսաստանը ժամանակավոր արգելում է հացահատիկի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, ինչպես նաև սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը երրորդ երկրներ։
Նորա Վանյան