Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։
«Մենք նախանձախնդիր ենք` կազմակերպելու առաջնորդների հանդիպում (Ռուսաստանի և Ուկրաինայի – խմբ.): Դեռ պատերազմի սկսվելուց առաջ մենք նման ձգտումներ ունեինք:
Սկզբունքորեն, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցների ժամանակ ասաց, որ ինքը դեմ չէր նման հանդիպմանը…Ուկրաինական կողմը պատրաստ է»,- ասել է Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ։
Նա նաև նշել է, որ Բելառուսում կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում․ «Մյուս կողմից կան այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք»։
ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 6-ին։ ՌԴ նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։