Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս պահին հնարավոր չի համարում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելը։
«Դա կքննարկվի այսօր երեկոյան։ Ինչպես գիտեք՝ երեք երկրներ՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը պաշտոնական դիմում են ներկայացրել (ԵՄ-ին անդամակցելու)։ Մենք դրանք քննարկելու ենք այսօր երեկոյան, եւ դա կարեւոր է։ Առաջին հերթին, ես կարծում եմ՝ այս շրջանում ուժեղ ազդակ է պետք ուղարկել Ուկրաինային եւ ուկրաինացիներին… Բայց մենք զգույշ պիտի լինենք։ Կարո՞ղ ենք մենք գործընթաց սկսել (ԵՄ կազմ մտնելու) երկրում, որտեղ այսօր պատերազմ է ընթանում։ Ես չեմ կարծում»,- ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Մակրոնը։
«Պե՞տք է դուռը փակենք եւ ասենք՝ «երբեք»։ Դա անհարգալից կլինի։ Կարելի՞ է արդյոք մոռանալ տարածաշրջանում հավասարակշռության մասին։ Պետք է ուշադրություն դարձնել»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։
Նա ուշադրություն է հրավիրել նաեւ Մոլդովայում տիրող իրավիճակի վրա՝ «սա ռուսական գազից կախում ունեցող երկիր է, այնտեղ այսօր տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականներ են մեկնել, մենք չենք կարող Մոլդովային [մենակ] թողնել այդ ճանապարհին»։