Միջուկային պատերազմ որպես այդպիսին անհնար է, քանզի այն կնշանակի քաղաքակրության վերջ։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ զենքի չտարածման եւ վերահսկման դեպարտամենտի փոխտնօրեն Իգոր Վիշնեվեցկին։
«Այդպիսի պատերազմ անհնար է։ Ես կարծում եմ շատ մասնագետներ, փորձագետներ հասկանում են՝ ինչ հետեւանքներ կունենա միջուկային պատերազմը»,- ասել է նա։
Վիշնեվեցկին ընդգծել է, որ միջուկային պատերազմ «չի կարող լինել որպես այդպիսին».
«Դա քաղաքակրթության վերջն է, այն չի կարելի թույլ տալ ոչ մի դեպքում»,- հավելել է դիվանագետը։
Նա ուշադրություն է հրավիրել, որ միջուկային հնգյակի երկրները (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), չնայած այսօր առկա տարաձայնություններին, կիսում են միջուկային պատերազմի անհնարինության մասին կարծիքը. «Մենք հինգ միջուկային տերություններ ենք։ Որոշները լուրջ տարաձայնություններ ունեն»,- նշել է Վիշնեվեցկին,- «Հիմա դա նկատելի է ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ Այդուհանդերձ, մենք համատեղ հայտարարություններ ենք անում [միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին]։ Դա ընդհանուր ըմբռնում է»։
Հունվարի 3-ին հինգ միջուկային տերությունների առաջնորդները, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանք ընդգծել են, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն են համարում միջուկային զենք ունեցող պետությունների միջեւ պատերազմ թույլ չտալը։ Առաջնորդները վստահ են, որ միջուկային պատերազմում հաղթող չի կարող լինել, այն չպետք է սանձազերծվի։