Ռուսաստանի Կենտրոնական բանկը կանխիկ արտարժույթով գործարքների համար նոր ժամանակավոր կարգ է սահմանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի բանկը 2022թ.-ի մարտի 9-ից մինչև սեպտեմբերի 9-ը սահմանում է քաղաքացիների ավանդներից և հաշվեհամարներից միջոցների տրամադրման հետևյալ կարգը։ Հաճախորդների բոլոր միջոցներն արտարժույթային հաշվեհամարների վրա կամ ավանդները պահպանված են և գրանցված են ավանդի արժույթով, հաճախորդը կարող է ստանալ մինչև 10 հազար դոլար կանխիկ գումար արտարժույթով, մնացած միջոցները՝ ռուբլիով, որի փոխարժեքը կհաշվարկվի գումարի տրամադրման պահին գործող փոխարժեքով»,- նշում է ԿԲ-ն։
Նշված ժամանակահատվածում արտարժույթ տրամադրվելու է ամերիկյան դոլարով՝ անկախ հաշվի արժույթից։ Մյուս արտարժութային միջոցների փոխանակումը դոլարով իրականացվելու է տրամադրման օրվա շուկայական փոխարժեքով։ ԿԲ-ն նշում է, որ արտարժույթ կարելի է ստանալ բանկի դրամարկղում։ Ընդ որում՝ հաճախորդները կարող են շարունակել պահպանել իրենց միջոցներն արտարժութային ավանդների տեսքով կամ հաշվեհամարների վրա։ Ինչպես նշել է բանկը, բոլոր միջոցները պահպանվելու և գրանցվելու են այն արտարժույթով, որով հաշվեհամարը կամ ավանդը բացվել է։ Ավանդի և հաշվեհամարի վրա առկա գումարների համար պայմանները չեն փոփոխվում, իսկ ավանդների տոկոսադրույքները հաշվարկվում են սովորականի պես՝ այն արժույթով, որով բացվել է ավանդը։
Ռուսաստանցիները հնարավորություն կունենան նաև բացելու նոր արտարժութային հաշվեհամարներ և ավանդներ, սակայն գործող կարգի տևողության ընթացքում դրանցից գումար հանել հնարավոր կլինի ռուբլիով՝ տվյալ օրվա շուկայական փոխարժեքով։
Բացի այդ՝ այս կարգի գործողության ընթացքում բանկերը քաղաքացիներին կանխիկ արտարժույթ չեն վաճառի։ Կանխիկ արտարժույթը ռուբլիով փոխանակել կարելի է ցանկացած ծավալով և ցանկացած պահի։
Նորա Վանյան