Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը։ Այս մասին հեռուստաալիքի եթերում հայտարարել է գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան։ Սա վերաբերելու է եթերին, յութուբյան և սոցցանցերի հեռարձակումներին։ Մարտի 1-ին «Դոժդի» կայքն արգելափակվել էր։
«Մեզ ուժ է պետք՝ շունչ քաշելու և հասկանալու համար, թե ինչպես շարունակել մեր աշխատանքը։ Մենք մեծ հույս ունենք, որ կվերադառնանք եթեր և կշարունակենք աշխատել», – «Դոժդի» եթերում ասել է Նատալյա Սինդեևան։
«Դոժդն» աշխատում էր 2010 թ-ի ապրիլից։
Ավելի վաղ Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզորից» պահանջել էր արգելափակել «Էխո Մոսկվիի» և «Դոժդ» հեռուստաալիքի կայքերի հասանելիությունն այն առնչությամբ, որ «առցանց կայքերում նպատակաուղղված և համակարգված ձևով տեղեկություններ են տեղադրվում, որոնք պարունակում են էքստրեմիստական գործունեության և բռնության կոչեր, ինչպես նաև սխալ տեղեկություններ ԴԺՀ և ԼԺՀ պաշտպանության նպատակով հատուկ գործողության իրականացման շրջանակում ռուս զինծառայողների գործողությունների մասին»։
Իսկ երեկ՝ մարտի 2-ին «Դոժդի» գլխավոր խմբագիր Տիխոն Դյադկոն լքել էր Ռուսաստանը։ ««Դոժդի» կայքի և մի շարք սոցցանցերում նրա օգտահաշիվների արգելափակումից, ինչպես նաև որոշ աշխատակիցների հասցեին սպառնալիքներ ստանալուց հետո ակնհայտ է, որ մեզնից ոմանց անձնական անվտանգությունը սպառնալիքի տակ է», – ասել էր Դյադկոն։
Նորա Վանյան