news.am: Ուկրաինան հայկական սփյուռքի թվով չորրորդ ամենամեծ համայնքն է, ոչ պաշտոնական տվյալով՝ կես միլիոնից ավել հայ է բնակվում Ուկրաինայի ամբողջ տարածքում, իսկ Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունում ապրում է 25 հազարից ավել հայ, Լուգանսկում էլ՝ երկուսից երեք հազար հայ։ Այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը՝ շեշտելով, որ դեռ հայտնի չէ, թե քանի հայ է տարհանվել։
«Մեր գրասենյակը ողջ օրվա ընթացքում կապի մեջ է եղել հիմնականում Կիեւի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մակայեվկայի, Դոնեցկի, Լուգանսկի հայ համայնքների հետ։ Հիմնականում անհատների եւ կառույցների հետ քննարկվել են տեղի հայությանը վերաբերող հարցեր։ 18։30-ի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան։ Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք են լքել պատերազմական թեժ գոտին՝ տեղաշարժվելով դեպի Ուկրաինայի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններ, նաեւ Ռուսաստանի Դաշնություն՝ Դոնի Ռոստով եւ Վորոնեժ քաղաքներ»,– նշեց Ամալյա Կարապետյանը։