ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալն Իրան այցի ընթացքում ձեռք է բերել մի շարք պայմանավորվածություններ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ից 22-ն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

 

«Այցի շրջանակներում հանդիպում է եղել Իրանի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Մաջիթ Քարամիի հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի հետ կապված մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը կապի սպաների միջոցով, կազմակերպել Հայաստանի ոստիկանության ծառայողների համար վերապատրաստումներ Իրանի ոստիկանական կրթական հաստատություններում, ինչպես և ակտիվացնել սահմանային համագործակցությունը երկու իրավապահ կառույցների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այցի ընթացքում Արամ Հովհաննիսյանին ներկայացվեցին թմրամիջոցների հայտնաբերման նպատակով օգտագործվող հատուկ մասնագիտացված սարքավորումները և տակտիկական հնարավորությունները։

Նշվում է, որ նույն օրը Հայաստանի ոստիկանության պետի տեղակալին ընդունել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզային։ Նա հույս է հայտնել, որ հայ գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը կընդլայնվի, փորձի փոխանակման նպատակով կիրականացվեն նոր հանդիպումներ և այցեր: Արամ Հովհաննիսյանը, կարևորելով հանցավորության դեմ պայքարում Իրանի իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել այն ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով