aysor.am։ ԱԱԾ տնօրենը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով դեռ սկզբից երկու-երեք անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ասելով, թե առաջարկում է, որ այդ գործը փոխանցվի ՀՔԾ-ին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ ամենայնի, ԱԱԾ-ում նեղվում են այն կասկածներից, որ գործը կարող է օբյեկտիվ քննվել։ Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննելու մեր վերաբերյալ քննվող գործերը։ Այսինքն՝ մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մեր վերաբերյալ գործերը քննարկենք, և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ պետք է մեզ հետ կապված գործերը քննի։ Այս խոսակցություններն անընդհատ տեղի են ունեցել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Բայց եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ինքը բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում՝ բացառելով, որ իր կառավարության օրոք այդ գործն օբյեկտիվ չքննվի։