civilnet.am։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ 12։30 նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը, և վանկարկում են «Քոչարյան, հանցագործ», «Ռոբ, պրիվետ»։
Դատարանի դիմաց են նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանք էլ վանկարկում են՝ «Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Մարտի մեկի սադրիչներ»։ Երկու խմբերի միջև պատնեշ են կազմել ոստիկանները՝ բախումներ թույլ չտալու համար։
Երեկ՝ մայիսի 13-ին, նույն դատարանում մեկնարկած դատական նիստի ընթացքում, դատարանում բախում տեղի ունեցավ ակտիվիստ Վարդգես Գասպարիի և Քոչարյանի աջակիցների միջև։ Վերջիններս խլեցին Գասպարիի ձեռքի պաստառը, իսկ աջակիցներից մեկը ջրի շշով հարվածեց Գասպարիի դեմքին։
Այսօր քաղաքացիները վանկարկում են՝ «Գասպարին մենակ չէ»։