armenpress.am։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ինչպես հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ առաջադրված մեղադրանքների` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։