Քրեական գործ են հարուցել վարչապետին «ազգակործան պատուհաս», «հայրենիքի դավաճան» ասելու համար. Շահեն Հարությունյան |azatutyun.am|

azatutyun.am:  «Շանթ դաշինք» կուսակցության նախագահի դեմ քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար։

«Կիսվել եմ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ և գրել՝ Ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանի հերթական հայրենիքի դավաճանությունը ու անարժանապատվության դրսևորումը»։ «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանի այս գնահատականները Քննչական կոմիտեն որակել է վարչապետ Փաշինյանի հասցեին «ծանր վիրավորանք» ու քրեական գործ հարուցել։

Ընդ որում «ազգակործան պատուհաս» ձևակերպման հեղինակը Հարությունյանը չէ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Շահենը մեջբերել է առաջին նախագահին ու օրեր անց ոստիկանություն հրավիրվել։

«Սեռական բնույթի հայհոյանք չի եղել։ Ոչ թե օրենքից եմ վախեցել, այլ ես տեսակով չեմ ընդունում դա։ Բացառապես այդ խոսքերն են եղել՝ ազգակործան պատուհաս, անարժանապատիվ կեցվածք, հայրենիքի դավաճանություններ», – պատմում է Հարությունյանը։

Առաջին անգամ Հարությունյանին հունվարի 20-ին են հրավիրել, ինչից հետո նա Ֆեյսբուքում կրկին գրառում է արել, վերահստատել իր գնահատականները։ Ոստիկանության աչքից երկրորդն էլ չի վրիպել ու նա դարձյալ ոստիկանություն է կանչվել. – «Հրաժարվել եմ բացատրությունից, դուրս եմ եկել ոստիկանությունից, երրորդ գրառումն եմ կատարել։ Չգիտեմ, գուցե երրորդ գրառման համար մոտ օրերս կանչեն»։

Նույն գրառումը երրորդ անգամ անելու համար դեռ չի հրավիրվել ոստիկանություն։ Նրան նույնիկ չեն տեղեկացրել, թե ինչ ընթացք են ստացել գործերը։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ մեկ քրեական գործ հարուցվել է, երկրորդով նյութեր են նախապատրաստվել ու ապա մերժվել։ Շահեն Հարությունյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ ո՞վ է այս գործով տուժողը։

«Որպես վիրավորված կողմ հանդես է գալիս Գլխավոր վարչությունը։ Նման բան չկա։ Այսինքն՝ ես Նիկոլ Փաշինյանին ասում եմ ազգակործան պատուհաս, Գլխավոր վարչությունը ինձանից նեղանում է, ասում է, որ դու վիրավորել ես Նիկոլ Փաշինյանին ու քրեական գործ է հարուցում», – ասաց Շահեն Հարությունյանը։

Նա սուր քննադատում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, դեմ է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ղազախստան զորք ուղարկելուն։ Կարծում է, թե քրեական հետապնդումը քաղաքական հակառակորդներին լռեցնելու նպատակով է. – «Նա ՀԱՊԿ-ի շրջանակներում զորք է ուղարկում Ղազախստան։ Ես դա դիտում եմ որպես դավաճանություն և ասում եմ, որ դա դավաճանական քայլ է։ Ի վերջո չմոռանանք, Ղազախստանը ամբողջովին սատարում է Ադրբեջանին»։

«Ծանր վիրավորանքի» հոդվածով բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել վարչապետին հայհոյելու համար։ Շահեն Հարությունյանի գրառման մեջ հայհոյանք չկա, բայց քննիչները նույն հարթության մեջ են դրել։

Ինչո՞վ են առաջնորդվում քրեական գործ հարուցելիս, ինչպե՞ս են որոշում՝ որն է քրեորեն հետապնդելի ծանր վիրավորանքը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը կոնկրետ այս դեպքին չանդրադարձավ, ընդհանուր ներկայացրեց. – «Հաշվի է առնվում նաև բազմաթիվ հանգամանքներ, էդ թվում՝ նաև տուժողի կողմից ընկալումը, թե ինքը կոնկրետ արտահայտությունները որքանով է ընդունում որպես իր արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ կերպով վիրավորելու միտում ունեցող, որքանով այդպիսին չի համարում։ Նաև կոնկրետ արտահայտությունների ենթատեքստերը, կոնկրետ հասցեավորումը, ինչքանով ա կոնկրետ էդ հասցեականությունը և այլն»։

Ավելին՝ azatutyun.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով