Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համաշխարհային անվտանգության մարտահրավերները։ Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել Լլոյդ Օսթինին՝ Վրաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցում ԱՄՆ կառավարության ամուր դիրքորոշումն արտահայտելու համար։
Քննարկվել են նաև Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում ռազմավարական համագործակցության հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության և զսպման ուժեղացման նպատակով ստորագրված Վրաստանի նախաձեռնությանը, որը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղարի Վրաստան կատարած այցի ընթացքում»,- նշված է Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ։