Լճաշեն գյուղը, լուսանկարը՝ Մեդիամաքսի
ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց ուղիղ վաճառքով հողամաս օտարել՝ Սեւան համայնքի Լճաշեն բնակավայրում «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։
Այս որոշման ընդունումը պայմանավորված է Լճաշեն բնակավայրի սեփականությունը հանդիսացող շուրջ 51,4 հա հողամասներն ուղիղ վաճառքով օտարելու անհրաժեշտությունից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ գործարքի արդյունքում համայնքային բյուջե մուտք կարվի 22 մլն դրամ։
«Ծրագիրն ընդհանուր առմամբ իրականացվելու է 115 հա տարածքի վրա եւ ընդգրկելու է Լճաշեն եւ Վարսեր բնակավայրերի հողերը։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր եւ 2,7 հա մակերեսեով արդյունաբերական տնկարան, մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար։ 60 ամիս ժամկետ է նախատեսված շինաշխատանքների ավարտի համար, այդ ընթացքում 350-400 ժամանակավոր աշխատատեղեր կլինեն, դրանից հետո կլինի 400-ից ավելի մշտական աշխատանք»։
Գնել Սանոսյանի խոսքով՝ աշխատատեղերի մոտ 75 տոկոսը կանանց համար է նախատեսված, ինչը, նրա խոսքով, կարեւոր է մարզերում կանանց մշտական աշխատանքով ապահովելու առումով։
Ակնկալվում է, որ վերջանական արդյունքում տարեկան մոտ 12 հազար տոննա բանջարեղն կարտադրվի, որի 80 տոկոսը նախատեսվումէ արտահանել։
Ակնկալվում է նաեւ, որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հողամասերի արդյունավետ օգտագործման, բանջարային մշակաբույսերի արտադրության, նոր շխատատեղերի ստեղծման հարցերում, ինչպես նաև կավելացվեն համայնքի բյուջե մուծվող գույքահարկի և հողի հարկի մուտքերը։