azatutyun.am: Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը հրաշալի զարգացում է համարում Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված կարգավորման նոր գործընթացը:
Անցած ամիս դեսպանի լիազորություններ ստանձնած Ֆլեյքը Anadolu գործակալության հետ զրույցում անդրադառնալով Անկարայի արտաքին քաղաքական օրակարգին, խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին. – «Մենք գոհունակությամբ ենք ընդունում այս գործընթացը: Ռուսաստանում տեղի ունեցած առաջին հանդիպումը և այժմ էլ Վիեննայում կայանալիք հանդիպումը մեզ շատ է ուրախացնում: Այս զարգացումներն իսկապես գոտեպնդող են: Ստամբուլ-Երևան ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը ևս կարևոր ազդակ է»։
Ջեֆրի Ֆլեյքի թեկնածությունը որպես Անկարայում ԱՄՆ դեսպան Սենատում հաստատվեց անցած տարվա հոկտեմբերին: Հունվարի սկզբին նա ժամանեց Անկարա՝ փոխարինելով Դեյվիդ Սաթերֆիլդին:
Երևան-Անկարա այս նոր երկխոսությունը հնարավորության պատուհան է համարում նաև թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա հիշել է 1993-ի և 2009-ի կարգավորման ձախողված փորձերը՝ ընդգծելով, որ հիմա խաղաղության նոր առիթ է ստեղծվել. – «Այժմ այդ արհավիրքից, պատերազմից հետո բոլորը ստացան իրենց դասը և նորից խաղաղության մասին մտածելու շրջան ենք մտել: Ե’վ Հայաստան-Ադրբեջան բանակցություններ են ընթանում, և’ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց է գնում, և տեսնում եմ, որ Թուրքիայի քաղաքական բոլոր կուսակցությունները աջակցում են այս օրակարգին:
Հնարավորության պատուհանները կարող են անցողիկ լինել, երկաթը պետք է տաք-տաք ծեծել: Քանի որ պատերազմում բոլորս ենք պարտվել, կարող ենք այնպիսի տեսլական առաջ քաշել, որ բոլորս հաղթենք»: Կարող ենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ: Մեր խնդիրները կարող են դեռ մնալ, բայց կարող ենք երկու կողմում էլ դիվանագետներ ունենալ, բացել սահմանները, գործարկել տարածաշրջանային տնտեսական ծրագրեր, որոնցից երկու կողմն էլ օգուտ կքաղեն: Այսպես կշահի և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի ժողովուրդը»:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նաև Թուրքիայի բարձր ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր Անկարայում կառավարության նիստ տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որտեղ կքննարկվի նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով տարվող հայ-թուրքական բանակցությունների ներկայիս վիճակը: