Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագը, նույն գործակալության Կենտրոնական Ասիայի երկրների և Հայաստանի հարցերով ղեկավար Ֆանեթ Բաղդենը և այլ պաշտոնատար անձինք։
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու պետությունների և ժողովուրդների միջև առանձնահատուկ մակարդակի գործընկերային և դաշնակցային հարաբերությունները քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթամշակութային հաղորդակցության, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։
Պապիկյանը հատուկ արժևորել է էներգախնայողության, ոռոգման համակարգերի, ջրամբարաշինության ոլորտներում Զարգացման ֆրանսիական գործակալության ծավալած լայնամասշտաբ գործունեությունը և ընդգծել, որ գործակալությունն առանցքային դեր ու նշանակություն ունի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, գործակցության օրակարգի հարստացման տեսանկյունից։
Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ անցած տարվա գարնանային իրադարձություններից հետո ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շեշտակի մեծացել է Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ շահագրգռվածությունը։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ` կողմերին կհաջողվի համակարգել բոլոր գործնական ծրագրերն ու գաղափարները և ներկայանալ փոխգործակցության պատրաստի թղթապանակներով։