armenpress.am: ԱՊՊԱ-ի արժեքի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 1 քաղաքացի։
Այս մասին տեղեկացրին ոստիկանությունից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել մեկ քաղաքացի»,- հայտնեցին ոստիկանությունից։
Մի խումբ քաղաքացիներ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա են անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել որոշումը՝ շեշտելով, որ թանկացումն անհիմն են համարում:
Ավելի վաղ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։
Բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա: