Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին. Թուրքիայի ՊՆ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ձեռք են մեկնել՝ խաղաղություն առաջարկելով Հայաստանին։ Այդ մասին Թուրքիայի ՊՆ ղեկավարը ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Մենք սպասում ենք, որ մեր առաջարկը կընդունվի։ Մենք ջանքեր ենք գործադրում՝ ուղղված նրան, որ դրա հաշվին խաղաղություն ու կայունություն հաստատվի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև կամ էլ Հայաստանի և Թուրքիայի, այլ ողջ Կովկասում»,- հայտարարել է Աքարը։ 

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ թուրքերն ու ադրբեջանցիները սերտորեն համագործակցում են Ղարաբաղում։ «Այդ համագործակցությունն իրականացվում է բոլոր ուղղություններով` սկսած գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն»,- նշել է Աքարը՝ հավելելով, որ երկու երկրները կշարունակեն խորացնել նաև համագործակցությունը անվտանգության ու պաշտպանության ոլորտներում։

Եթե այս պահի դրությամբ, գոնե բացահայտորեն, ադրբեջանական կողմի հետ Հայաստանի փոխգործակցությունն իրականացվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաև գերիների հարցերով, ապա Թուրքիան ու Հայաստանը նշանակել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք քննարկում են երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերը։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից զատ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ռուբեն Ռուբինյանը։ Հայկական կողմը դեռ չի որոշել՝ կմասնակցի արդյոք, թե՝ ոչ։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով