Այսօր առավոտից Հանրապետության հրապարակում մի խումբ վարորդներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։
Ակցիայի մեկնարկից քիչ հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 5 մասնակից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ կետի հիմքով (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը)։ Երեք մեքենա տարվել է հատուկ պահպանվող տարածք։
Վարորդները նշում էին, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Հայաստանի ապահովագրողների բյուրոն հանդես էր եկել ԱՊՊԱ-ի թանկացման վերաբերյալ հայտարարությամբ․ «Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով, ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Դա կապահովի ապահովագրական ընկերությունների ծախսածածկումը և հասարակությանը մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակը»։