azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հրավերից և կայցելի Թուրքիա, երբ թույլ կտա համաճարակային իրավիճակն ու ժամանակացույցը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Վերջին մի քանի օրերին այս թեման բազմիցս է բարձրացվել նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև շփումներում», – հավելել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Էրդողանի հրավերը։ «Նրանք պայմանավորվել են, որ հենց համաճարակային իրադրությունը և ժամանակացույցը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից», – ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Ռեջեփ Էրդողանը մի քանի անգամ առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև՝ լարվածությունը թուլացնելու հարցում, ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներին հրավիրելով Թուրքիա։
«Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար», – ժամեր առաջ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։