Երևանի Դավթաշեն 1-ին թաղամաս 39 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Երկարապահ կամավորականների միությանը։
ԵԿՄ-ն տարածքը կազմակերպությանը հանձնելու խնդրանքով դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով ստանալու համար՝ ԵԿՄ-ի Երևանի քաղաքային խորհրդի Դավթաշենի տարածքային կառույցի բնականոն աշխատանքների իրականացման նպատակով։ Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը։
Երևանի քաղաքապետարանի և ԵԿՄ-ի միջև 03.07.2020թ. կնքված պայմանագրով ք. Երևան, Դավթաշեն 1-ին թաղամաս 27/2 հասցեում գտնվող շենքի 172 ք.մ մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով հատկացվել էր Կազմակերպությանը, որտեղ Երևանի քաղաքային խորհրդի Դավթաշենի տարածքային կառույցն իրականացնում է իր գործունեությունը: Այժմ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է վաղաժամկետ լուծել պայմանագիրը, որի արդյունքում Կազմակերպությունը կզրկվի աշխատելու հնարավորությունից:
Համաձայն ներկայացված ծրագրի՝ Կազմակերպությունն աջակցում է հայրենիքի հզորացման և հայ ժողովրդի անվտանգության գործին, օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը և պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, ցույց է տալիս բարոյական ու նյութական օգնություն, աջակցում է նրանց քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
«Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: