1lurer.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է նախադպրոցական, հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարվածի արդյունքները:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված նախադպրոցական կրթության համակարգում երեխաների առնվազն 85 տոկոս ընդգրկվածության, ինչպես նաև բոլոր բնակավայրերում հասանելիության ապահովման նպատակով մի քանի ծրագիր է նախաձեռնվել:
2021-ին առաջին անգամ գործարկվել է մոդուլային մանկապարտեզների ծրագիրը. Կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկը, որտեղ կառուցվելու են մոդուլային մանկապարտեզներ:
Բացի այդ՝ պետական բյուջեի միջոցներով հաստատվել և առաջին անգամ 10 բնակավայրերում ներդրվել է նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագիրը:
«Այս ծրագիրը նախատեսված է այն բնակավայրերի համար, որտեղ երեխաների թիվը մեծ չէ, և առանձին մանկապարտեզ պահելը ծախսարդյունավետ չէ:
Պետությունը այս դեպքում նախադպրոցական ծառայությունների ստեղծման համար բնակավայրերին տրամադրել է դրամաշնորհներ, յուրաքանչյուրին՝ շուրջ 7,8 մլն ՀՀ դրամ՝ շինությունների վերանորոգման, կահավորման և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար»,- նշել է փոխնախարարը։
Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգի հաստատումը հնարավորություն է ստեղծում պետական ֆինանսավորում հատկացնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով և զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությանը:
Ըստ այդմ` արդեն 2022-ի սեպտեմբերից ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1600 երեխաների համար։ Առաջին անգամ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը, որի հիման վրա մշակվել և հաստատվել են կրթական ծրագրերը, որոնք կփորձարկվեն Երևանի և մարզերի 60 հաստատություններում։
Մշակվել են նաև մի շարք կարգեր՝ նախադպրոցական հաստատության մանկավարժի ընտրության նոր՝ մրցութային կարգը, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, որի համաձայն՝ արդեն եկող տարվանից նախադպրոցական հաստատությունների տնօրենները կհավաստագրվեն։ 2022-ից վերապատրաստումը կդառնա պարբերական, և հետագայում կներդրվի նաև ատեստավորման համակարգ՝ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ:
Սահմանվել է նախադպրոցական հաստատություններում սաների ընդունելության կարգը, որով միասնականացվել է ոլորտի քաղաքականությունը։
Ըստ փոխնախարարի` 2020 թվականի մայիսին ընդունված նախադպրոցական կրթության նոր օրենքով սահմանվել է, որ մինչև 2023 թվականի ավարտը նախադպրոցական ոլորտը պետք է անցում կատարի համընդհանուր ներառման։
Այս նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել են «Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների գնահատում» և «Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում» թեմաներով վերապատրաստման մոդուլներ: Փոխվել է ՏՄԱԿ-ների ֆինանսավորման կարգը, ըստ որի՝ գալիք տարվանից անհրաժեշտ աջակցություն կստանան նաև նախադպրոցական հաստատությունները։
2021 թվականին վերապատրաստվել են տարածքային 20 մանկավարժահոգեբանական կենտրոնի 485 մասնագետ և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական 8 հաստատության 30 մանկավարժ: