Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վեդի խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով No 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ։
Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։
Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին»։
Նշենք, որ Վեդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 8666 քվե կամ 42.86%, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 7690 քվեով կամ 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 3299 քվե կամ 16.31%: