ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման դեպքի վերաբերյալ:
«Ըստ նախնական տվյալների՝ 2021թ. նոյեմբերի 21-ին, ժամը 13։00-ի սահմաններում, փլվել է վերոհիշյալ բնակավայրի բնակելի շենքերից մեկի բաց պատշգամբը և աստիճանահարթակը, որի հետևանքով այդ պահին այդտեղ գտնվող 5 անձինք ընկել են շուրջ 3 մետր բարձրությունից. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: