2021թ․ բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացվեց 462 մլն 256 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 462 մլն 256 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: 

Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը․ 

«2020-ին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ»,- ասված է նախագծում: 

Միեւնույն ժամանակ նշված է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում 2020-ին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2021-ի օգոստոսի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով․ «ՀՀ 4 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 4 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»:

Արագածոտնի մարզում մեկ ծրագրի համար հարկավոր է 5 մլն, Գեղարքունիքի մարզում մեկ ծրագրի համար՝ 7մլն, Լոռու մազում մեկ ծրագրի համար՝ 5,2 մլն, Շիրակի մարզում մեկ ծրագրի համար՝ 441 մլն։ Վերջինի վերաբերյալ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասած, որ ծրագիրը վերաբերում է Գյումրի քաղաքին։ Այստեղ ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի թարմացվի ներքաղաքային ամբողջ տրանսպորտային պարկը։ Ծրագիրն ընդհանուր առմամբ 882 մլն դրամ է, որի հիսուն տոկոսը Գյումրու համայնքապետարանն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կապահովվի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը:

Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նվազեցում 462,256․1 հազար դրամի չափով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով