hetq.am: 2022 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 13 միլիարդ 975 միլիոն 752 հազար դրամ է, որից 12 միլիարդ 520 միլիոն 800 հազար դրամը համակարգի աշխատակիցների աշխատավարձերի ֆոնդն է, իսկ մնացածը` համակարգի ստորաբաժանումների և հիմնարկների ընթացիկ պահպանման ծախսերը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բյուջետային քննարկմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն իր խոսքում նշեց, թե ամբողջ բյուջեի ծախսային մասը հստակ չէ, որը խնդիրների է հանգեցնելու: Պատգամավորի կարծիքով` հետագայում հնարավորություն չի լինելու գնահատել, թե կոնկրետ որևէ ծրագրի ուղղությամբ ինչ գումար է ներդրվել, և որքան է պետության համար օգտակար եղել այդ ծրագիրը: Զաքարյանն անդրադարձավ սեյսմիկ ծառայության խնդրին` ասելով, թե Հայաստանում կան բազմաթիվ շենքեր, որոնց տարեթիվը 70-80 կամ ավելի տարի է, նա հետաքրքրվեց, թե արդյոք կա հստակ ծրագիր` Հանրապետության ամբողջ շենք-շինությունների սեյսմակայությունը ստուգելու, թե նախարությունն առաջնորդվում է պահի հրամայականով:
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն արձագանքեց, թե նման աշխատանքների իրականացումը համապատասխան կազմակերպության հայտով է պայմանավորված, իսկ նախարարությունը ծրագրային միջոցառումների ժամանակ առաջնորդվում է առաջնահերթությամբ` դպրոցների ու մանկապարտեզների սեյսմիկ խոցելիությամբ:
«Երևանում այս տարի ամբողջովին իրականացրել ենք այն դպրոցների ու մանկապարտեզների սեյսմակայունությունը, որոնք երկրաշարժից հետո խնդիրներ ունեին, շարունակական իրականացնում ենք այդ աշխատանքները»,- ասաց նախարարը:
Զաքարյանը կրկին հետաքրքրվեց, թե կա արդյոք պետական հստակ ծրագիր երկրի ամբողջ տարածքում շենք-շինությունների անձնագրավորում իրականացնելու և հասկանալու, թե ինչ իրավիճակ կա: Պատգամավորը նշեց, որ պատրաստվում է գրավոր դիմել Կառավարությանը` այդ ծրագրի իրականացման համար պահուստային ֆոնդից գումար հատկացնելու առաջարկով:
Անդրանիկ Փիլոյանն ասաց, որ խնդիրը քննարկել են նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ, և պարտադիր է մինչ նոր շենքերի կառուցումը կոմիտեի կողմից սեյսմակայունության գնահատման իրականացումը: Նրա խոսքով, եթե նախկինում Երևանում մինչև 7 բալ երկրաշարժի հավանականությունն էր արդիական, ապա այժմ վտանգը մինչև 8 բալ է:
«Դրա հետ կապված շենքերի սեյսմակայունության չափորոշիչները փոխվել են, նոր շենքերի կառուցման համար պարտադիր պայման է նաև թաքստոցների առկայությունը»,- ասաց Փիլոյանը:
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք պետական բյուջեի միջոցներով սահմանամերձ դարձած Հանրապետության մի շարք համայնքներում թաքստոցներ կառուցվելու են, թե ոչ: ԱԻ նախարարն արձագանքեց` այդ հարցին դռնփակ նիստին կպատասխանի:
Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։